Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ցեղասպանության վտանգ արձանագրող իշխանությունը պատրաստվում է Երևանում թեկնածու առաջադրել և հաղթել

Ցեղասպանության վտանգ արձանագրող իշխանությունը պատրաստվում է Երևանում թեկնածու առաջադրել և հաղթել
24.03.2023 | 20:22

«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա և´ Հայաստանի, և´ Արցախի դեմ», «ԼՂ հայության համար կա իրական ցեղասպանության վտանգ». սրանք ՀՀ արտգործնախարարի այսօրվա հայտարարություններն են։

Սա իշխանության հաշվետվությունն է՝ իր գործունեության մասին։ Բայց առաջին հերթին սա տագնապի ազդանշան է։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում այս ֆոնի վրա։

Իրեն առաջարկվող ապագայի հանդեպ հանրությունը ցուցաբերում է բացառիկ անտարբերություն։

Խորհրդարանական ընդդիմությունը երկու օր է՝ մարտնչում է Սեդա Սաֆարյանի մատույցներում, կարծես թե դա է ամենակենսական խնդիրը։

ԱԺ նախագահը ագրեսիայի վտանգի նախաշեմին ժամանակ ու հավես ունի պարապմունքների, որոնց արդյունքում ստանում է սպորտային տրավմա։ Երկրի նախագահը անդարդ այցելում է ցուցասրահներ և շնորհակալություններ շռայլում Նիկոլին։ Շնորհակալություն ինչի՞ համար, որ կա նոր պատերազմի, նոր զոհերի և ցեղասպանության վտա՞նգ։ Սոցիալական ակտիվ շերտերը քննարկում են Հովիկ Աբրահամյանի տան դիզայնը։

Եթե մենք որպես ժողովուրդ խելագարվել ենք, իսկ որպես պետություն դեգրադացվել այս աստիճանի, ապա ավելի լավ է պաշտոնապես ձևակերպենք դա ու խնդրենք՝ որևէ լուրջ պետություն ստանձնի մեր խնամակալությունը, մենք էլ հանգիստ խղճով շարունակենք մեր տուն-տունիկը։

Եթե դա այդպես չէ, ապա բոլոր անհատները և շրջանակները, որոնք ունեն լրջանալու հակում և պոտենցիալ, պարտավոր են դա անել ու արթնացնել հասարակությանը։ Պայմանական ասած, եթե ցեղասպանության վտանգի առաջ ու նոր պատերազմի նախաշեմին մենք ազգովի քննարկում ենք ինչ-որ մեկի տան անճաշակությունը, ապա վաղը մեր բոլորի տների դիզայնը Մեհրիբանն է անելու։

Ցեղասպանության վտանգ ու հերթական պատերազմի վտանգ արձանագրող իշխանությունը պատրաստվում է Երևանում թեկնածու առաջադրել և հաղթել։ Նրանց հաղթանակի դեպքում ո՞նց ենք ապրելու Երևանում։ Ո՞նց ենք վերաբերվելու իշխանությանը ձայն տված, ձայն բերած, լռած մեր համաքաղաքացիներին։ Մենք մեզ համարելու ենք քաղաքակիրթ, նորմալ մա՞րդ։

Ես վստահ եմ՝ Հայաստանում կա լրջանալու պոտենցիալ, մարդկային և գաղափարական ռեսուրս՝ մեր պետականությունը պաշտպանելու, պատերազմ թույլ չտալու և Արցախում ցեղասպանություն թույլ չտալու համար։

Պետք է, ի վերջո, դադարենք լինել լրագրողի սառնասրտությամբ պատերազմի հավանականությունն արձանագրող իշխանության ու նրա հովանու ներքո սոցիալական ցանցերում բնակվող հանրային որոշ շրջանակների պատանդը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3975

Մեկնաբանություններ